«Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

Ազգային ժողովում լրագրողները հարցեր ուղղեցին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման հանգամանքների հետ կապված
«Այդ հեքիաթները պատմողներին էլ գնացեք հարցրեք»,- ասաց նախարարը՝ հրաժարվելով պատասխանել որևէ այլ հարցի։
Սահմանային վիճակի վերաբերյալ էլ նախարարը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։
«Պարո՛ն Պապիկյան, ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, ինչպե՞ս եք ապահովում ՀՀ պաշտպանությունը, երբ զինվորներին ամեն օր կարող են գողանալ»,- Լրագրողի այս հարց էլ անպատասխան մնաց։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի կողմից զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։
Պաշտոնական Բաքուն ևս հայտարարություն էր տարածել՝ խոսելով դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, իբրև թե հայ զինծառայողների խումբը ահաբեկչության ծրագրով հատել է հայ-ադրբեջանական սահմանը։
Նշենք, նաև, որ երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։