Խոշոր ավտովթար՝ Լուսակերտի զորամասի մոտ. 4 վիրավորներից 2-ը անչափահաս են

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Լուսակերտից դեպի Արգել ճանապարհահատվածում՝ դեպի Լուսակերտ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Տարոն Բարսեղյանը և Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
Շտապօգնության բժիշկները 2 վիրավորներին, ովքեր անչափահաս են եղել, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից 2-ին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: