Ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է. Գուրգեն Ներսիսյան
«Եթե խոսում ենք Լաչինի ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին ճանապարհից հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին, ապա ենթադրվում է, որ ռուս խաղաղապահները սա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ըստ երևույթին, ակնհայտ է, որ նման քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը:
Նրա կարծիքով, ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է։ Պետնախարարն ասաց, որ ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում քննարկումների և դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով հասնել խնդրի լուծմանը։
Գ.Ներսիսյանի խոսքով, երբ Ադրբեջանը ճանապարհի փակման համար ներկայացնում է այն հիմնավորումը, թե իբր Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում կամ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, այս մտահոգությունները փարատելու համար նույնիսկ ռուսական կողմը քննարկեց հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ «խնդիրը» փարատելու հարցը:
«Բայց Ադրբեջանն իր մոտեցմամբ վերահաստատեց, որ այդ փաստարկները, հայտարարությունները իրականում ընդամենը ձևական պատճառաբանություններ են։ Նույնիսկ բեռնատարները տեխնիկական սարքերով վերահսկման միջոցը նրանց «մտահոգությունները» չեն փարատում, լրացուցիչ մեկ այլ պահանջ ներկայացվեց՝ ճանապարհին ունենալ անցակետ և այլն։ Սա բացահայտեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,-ասաց Արցախի պետական նախարարը:
Նա կրկնեց, որ ռուս խաղաղապահների կողմից շարունակվում են անհրաժեշտ բոլոր միջոցների գործադրումը հնարավոր խաղաղ ճանապարհով, քննարկումների միջոցով խնդիրը լուծելու համար. «Բայց, կարծում եմ, հնարավոր բոլոր գործիքների, միջոցների սպառման դեպքում, բոլոր դեպքերում, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն։
Համոզված եմ, որ ռուս խաղաղապահները հիմա ձեռնարկում են բոլոր ջանքերը խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ և արցախահայությունը հետևում է այդ ընթացքին»։