Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ։
Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք Հայաստան են տեղափոխվել, որպեսզի վերամիավորվեն ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 59 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։