Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին և հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաև երկկողմ համագործակցության կարևորությունն էլեկտրոնային կառավարման եւ տեխնոլոգիական կրթության ոլորտներում:
Շտեֆան Մալերիուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ Կառավարության ներկայացրած առաջարկների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորությունները: