Անօդաչուներով հարձակում՝ Իրանի ռազմական օբյեկտների վրա
Հզոր պայթյուն է որոտացել Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի պահեստում: Ըստ իրանական «Իրնա» գործակալության, կիրակի գիշերը զինապահեստը դարձել է անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ:
Իրանի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, «պաշտպանական միջոցառումների շնորհիվ, անօդաչուներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ևս երկու սարք որսացել են զինվորականները և պայթեցրել»:
«Իրնա» գործակալությունը վստահեցնում է, որ հարձակման պատճառով ոչ ոք չի տուժել, ռազմական օբյեկտը աննշան վնասներ է կրել:
Բացի այդ, ըստ «Թասնիմ» գործակալության, պայթյուն է որոտացել Իրանի հյուսիս-արևմտյան Ազարշահր քաղաքում գտնվող մի գործարանում, որը շարժիչի յուղ է արտադրում: Զոհերի մասին տեղեկություն չկա:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով, հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ:
Մինչդեռ, իրանագետը, վկայակոչելով Իրանից ստացվող տեղեկությունները, նկատում է, որ իրանական ՀՕՊ-ը աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։
Ոսկանյանի խոսքով, մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։