Փրկարարներին ու պարեկներին հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելում բաժին բերված տղամարդու կինը և սպառնում՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։
Օպերատիվորեն ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար հոգեբանը։
Փրկարարները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի ծառայողներն ու Երևանի գնդի պարեկները բանակցություններ են վարում այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո՝ հաջողվում է, և կինը հրաժարվում է այդ քայլից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը սպառնում էր, որ կկտրի իր երակները։