Իրանում հայտնի դերասանուհին ձերբակալվել է ցուցարարներին աջակցելու համար
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի ամենահայտնի դերասանուհիներից մեկին այն բանից հետո, երբ նա իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին, հաղորդում է BBC-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկիրում բողոքի ցույցերի վերաբերյալ «ստեր տարածելու» մեջ։
Դերասանուհի Թարանեհ Ալիդոստին բացահայտորեն քննադատել է անկարգությունները ճնշելու Իրանի կառավարության ջանքերը, և նոյեմբերին նա Instagram-ում հրապարակել է առանց հիջաբի իր լուսանկարը՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Անցյալ շաբաթ նա Instagram-ում գրառում է կատարել՝ դատապարտելով հակակառավարական ցուցարարի մահապատիժը։
Իր գրառման մեջ 38-ամյա կինը քննադատել է միջազգային կազմակերպություններին Մոհսեն Շեքարիի մահապատիժը չկանխելու համար։ Դեկտեմբերի 8-ին նրան կախաղան են հանել՝ մեղադրելով կառավարամետ «Բասիջ» կիսառազմական խմբավորման անդամի վրա հարձակվելու, ինչպես նաև Թեհրանի փողոցներից մեկում երթևեկությունը խոչընդոտելու մեջ։
«Նրա անունը Մոհսեն Շեքարի էր: Յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն, որը վերահսկում է այս արյունահեղությունը և որևէ քայլ չի ձեռնարկում, խայտառակություն է մարդկության համար»,- գրել է նա:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը, դերասանուհուն ոստիկանությունը ձերբակալել է, քանի որ նա չի կարողացել «իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր» տրամադրել:
Դերասանուհու ինստագրամյան էջը, որն ուներ ավելի քան 8 միլիոն հետևորդ, վերջերս ջնջվել է։
38-ամյա Ալիդոստին իրանցի ամենահաջողակ դերասանուհիներից է։ Նա նկարահանվել է «Վաճառողը» ֆիլմում, որը 2016 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։