Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes C և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» ԲԿ։
Բախման հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է միակողմանի։
ՃՈ տեսուչների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում երթևեկությունը կարգավորվել է։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։