Զելենսկին G20-ի գագաթնաժողովում ներկայացրել է խաղաղության հաստատման համար 10 պայման. Ռուսաստանը դրանք «անիրատեսական» է որակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G20-ի գագաթնաժողովում ներկայացրել է հակամարտության կարգավորման համար խաղաղության բանաձևի 10 պայմանները, գրում է gazeta.ru-ն։
«Կա խաղաղության ուկրաինական բանաձև: Խաղաղություն Ուկրաինայի, Եվրոպայի և աշխարհի համար: Եվ կան մի շարք լուծումներ, որոնք կարող են իրականացվել՝ իսկապես խաղաղությունը երաշխավորելու համար։ Մասնակցելով G20-ի գագաթնաժողովին՝ ես ներկայացրել եմ նման որոշումների առաջարկներ՝ կոնկրետ և ազնիվ»,- ասել է Զելենսկին։
«Եթե Ռուսաստանն ասում է, որ ցանկանում է վերջ տալ այս պատերազմին, թող դա ապացուցի գործողություններով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին G20-ի քննարկման համար ներկայացրել է խաղաղության հաստատման համար անհրաժեշտ հետևյալ 10 պայմանները.
- Ճառագայթային և միջուկային անվտանգություն,
- պարենային անվտանգություն,
- էներգետիկ անվտանգություն,
- բոլոր գերիների և տեղահանվածների ազատ արձակում,
- ՄԱԿ-ի կանոնադրության կյանքի կոչում և տարածքային ամբողջականության և աշխարհակարգի վերականգնում,
- ռուսական զորքերի դուրսբերում և ռազմական գործողությունների դադարեցում,
- արդարության վերականգնում,
- էկոցիդի դեմ հակազդում,
- էսկալացիայի կանխարգելում,
- մարտական գործողությունների ավարտի ֆիքսում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ներկայացնում է Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում, Զելենսկու հայտարարություններն անվանել է «անիրատեսական» և «ոչ ադեկվատ»։ Միաժամանակ նա Ուկրաինայի ղեկավարի ելույթը համարել է «շատ հետաքրքիր»։
«Նրա ելույթից ես արեցի միայն մեկ եզրակացություն, որ նա դեռևս չի լսում արևմտյան խորհրդականներին»,- ասել է Լավրովը։
Նրա կարծիքով՝ Զելենսկու ելույթը «ռազմատենչ հռետորաբանություն էր, ագրեսիվ, ռուսատյաց»։
«Մենք նախագահի բերանով բազմիցս հաստատել ենք, որ չենք հրաժարվում բանակցություններից, եթե կա որևէ մեկը, ով հրաժարվում է, ապա դա Ուկրաինան է։ Եվ որքան նա հրաժարվի, այնքան ավելի դժվար կլինի համաձայնել»,- կարծիք է հայտնել Լավրովը։