Թբիլիսիում նոր հանգստի գոտի է բացվում
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Սաբուրթալո թաղամասում նախատեսվում է նոր հանգստի գոտի բացել:
Կալաձեն նշել է, որ քաղաքային իշխանությունների համար կարևոր է մայրաքաղաքում հանգստի գոտիների կազմակերպումը, այդ թվում՝ եղածների վերանորոգումը, փոխանցում է Aliq.ge-ն։
«Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել… Քաղաքաշինության ոչ պատշաճ զարգացման արդյունքում հանգստի գոտիների պակաս կա։ Փորձում ենք գտնել տարածքներ, որտեղ հնարավոր կլինի այդպիսի գոտիներ ստեղծել: Վերջին տարիներին Սաբուրթալոյի թաղապետարանը նման չորս ծրագիր է իրականացրել:
Բանակցությունների արդյունքում այս անգամ Թբիլիսիի քաղաքապետարանին է վերադարձվել մասնավոր սեփականություն հանդիսացող McDonald’s ռեստորանային ցանցին հարող 1 700 քմ հողատարածք, որտեղ կկառուցվի ևս մեկ հանգստի գոտի»,- ասել է Կալաձեն։
Ըստ քաղաքապետի՝ ծրագրի արժեքը 250 հազար լարի է:
Նրա խոսքով, տարածքում ըստ նախնական հատակագծի կկազմակերպվի հետիոտնային արահետ, կտեղադրվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգեր, հանգստի աթոռներ, աղբամաններ, շատրվան։ Բացի այդ, կիրականացվեն կանաչապատման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։