Գիտնականները բացահայտել են «Նամիբիայի կախարդական շրջանների» գաղտնիքը
Նամիբիայի կախարդական շրջաններ են կոչվում առանց բուսականության 2-ից 15 մետր տրամագծով հողի կլոր հատվածները՝ շրջապատված չոր կանաչ խոտի օղակով: Դրանք կարող են հայտնվել եւ անհետանալ առանց որևէ ակնհայտ պատճառի: Գիտնականները հասկացել են, թե ինչ է կատարվում, գրում է Science Alert-ը։
Իրավիճակը բացատրող վարկածի մասնագետները բաժանվում են երկու հիմնական ճամբարի։
Առաջինը պնդում է, որ շրջանները առաջանում են տերմիտներից, իսկ երկրորդը պնդում է, որ խոտերը ինքնակազմակերպվում են՝ ջրի հասանելիությունը առավելագույնի հասցնելու համար:
Վերջին ուսումնասիրությունները ավելի շատ հաստատել են երկրորդ վարկածը: Սակայն տերմիտների ազդեցությունը դեռեւս չի բացառվում։
Գիտնականները վերջին աշխատանքներից մեկում հետեւել են 10 շրջաններում երբեմն-երբեմն տեղացող անձրեւներին: Նրանք ուսումնասիրել են անձրեւից հետո խոտի վերացման հետ կապված հանգամանքները եւ կախարդական շրջանների մեջ եւ շրջակայքում տեղադրել են հողի խոնավության ընկալիչ սարքեր:
Պարզվել է, որ անձրեւից տասը օր անց շրջանների ներսում շատ քիչ աճող խոտաբույսեր են եղել, իսկ նրանք, որոնք արդեն աճել են, վերացել են։
Հողի ընկալիչ սարքերը մինչդեռ, հայտնաբերել են հողի խոնավության դանդաղ նվազում ինչպես շրջանների ներսում, այնպես էլ դրսում առաջին անձրեւից հետո, երբ խոտերը դեռ չեն արմատավորվել:
«Նամիբիայում սաստիկ շոգի ժամանակ խոտերն անընդհատ ջուր են կորցնում։ Հետեւաբար, նրանք իրենց արմատների շուրջ հողային խոնավ վակուում են ստեղծում, եւ ջուրը ձգվում է դեպի արմատները»,- պարզաբանել են գիտնականները։