Ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. կա զոհ և վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Արշակ Իգիթխանյանն իր վարած ZIL 130 մակնիշի բեռնատարով Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ապա ծառերին և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր՝ հայտնվել անտառով հոսող գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Իգիթխանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Հայկ Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հրշեջ փրկարարների ու ոստիկանների կողմից պատգարակով անտառից դուրս բերված վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:
Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ փրկարարները և մոտեցրել դիատարին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մարմար քարով, և այն ամբողջությամբ թափվել է, ավտոմեքենայի վրայի գազաբալոնները նույնպես պոկվել ու շպրտվել են: