Եռակցողներ, խոհարարներ, տեխնոլոգներ. փորձագետը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը
Մենք արդեն երկու տարի է խոսում ենք շուրջ 20 մասնագիտությունների գծով կադրերի խորը սղության մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա պարզաբանեց, որ ամենապահանջված մասնագետների ցանկում են՝ եռակցողները, աղյուսագործները (քարե կոնստրուկցիաների կառուցմամբ կամ վերանորոգմամբ զբաղվող մասնագետներ), սալիկապատողները, ծեփագործները, էլեկտրիկները, փականագործները, խողովակներ տեղադրողները, դռներ պատրաստողները եւ տեղադրողները, շենքերի հավաքման մասնագետները, կռունկավարները: Նաեւ արդյունաբերության ոլորտում տեխնոլոգների, ինժեներների եւ աշխատողների, բեռնատարների վարորդների, տեքստիլ արդյունաբերության մասնագետների, գինեգործների, խոհարարների, սարքավորումների սպասարկման մասնագետների, էլեկտրոնիկայի մասնագետների պահանջարկ կա։
Մակարյանը նշեց, որ ժամանակի ընթացքում այդ մասնագետների պակասը հանրապետությունում գնալով մեծանում է։