Առաջիկա 50 տարվա ընթացքում Իտալիայի բնակչությունը կկրճատվի գրեթե մեկ հինգերորդով
Առաջիկա 50 տարիների ընթացքում ծնելիության մակարդակի կայուն նվազման հետեւանքով Իտալիայի բնակչությունը կնվազի մոտ մեկ հինգերորդով, հայտնել է երկրի վիճակագրական ISTAT գործակալությունը:
Բնակչության կրճատումը եւ ծերացումը լուրջ խնդիր է Եվրոգոտու երրորդ ամենամեծ երկրի համար: Ի թիվս այլ բաների, դա պայմանավորված է աշխատանքի արտադրողականության անկմամբ եւ սոցիալական կարիքների համար ծախսերի ավելացմամբ:
Ըստ ելակետային սցենարի՝ Իտալիայի բնակչությունը 2021-ին 59.2 միլիոնից կնվազի մինչեւ 54.2 միլիոն 2050-ին, իսկ 2070-ին՝ 47.7 միլիոն, ասվում է հայտարարության մեջ։
Մինչդեռ 65 եւ ավել տարեկան իտալացիները 2050-ին կկազմեն բնակչության 34.9 տոկոսը՝ 2021-ի 23,5 տոկոսի համեմատ, իսկ միջին տարիքը նույն ժամանակահատվածում 45.9-ից կհասնի 50.6-ի:
ISTAT-ը խոստովանել է, որ ժողովրդագրական երկարաժամկետ կանխատեսումներն անորոշ են, բայց հայտարարել է, որ Իտալիայի բնակչությունը «գրեթե անկասկած» կկրճատվի։
ISTAT-ի տվյալներով՝ վատագույն դեպքում մինչեւ 2070 թ. բնակչության կորուստը կարող է 18 միլիոն մարդ կազմել, լավագույն դեպքում կանխատեսվում է կրճատում ընդամենը 4.2 միլիոն մարդով։
Գործակալությունը նշել է, որ Իտալիան շուրջ 15 տարի ժողովրդագրական բացասական միտումների է բախվում, որոնք միայն մասամբ են մեղմվել ներգաղթի շնորհիվ։