Բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24 ժամում 67 փաբ այցելելով
Բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24 ժամում 67 փաբ այցելելով, գրում է UPI-ն։ Հաստատություններից յուրաքանչյուրում տղամարդն առնվազն մեկ գավաթ գարեջուր է խմել։
Ռեկորդակրի անունը Նաթան Քրիմփ է, նա 22 տարեկան է։ Նրա հետ միասին չելենջին մասնակցել են նաեւ նրա ընկերները։ Բրիտանացու խոսքով՝ ինքը նույնիսկ պատկերացում չուներ, որ բարերով շրջագայությունը կարող է այդքան դժվար լինել։
«Դա ամենադժվար բաներից մեկն էր, որ երբեւէ արել եմ», - մեկնաբանել է տղամարդը:
Նաթանը պատմել է, փորձել է հնարավորինս երկար սթափ մնալ, սակայն 15 փաբ այցելելուց հետո հասկացել է, որ ժամանակն է ոչ ալկոհոլային գարեջրի անցնել։ Գինեսի ռեկորդների գրքի կանոնները բրիտանացուց պահանջում էին խմել յուրաքանչյուր փաբում եւ ապացույցներ հավաքել:
«Ամենադժվարն անընդհատ զուգարան գնալն էր, ինչը խլել է իմ ժամանակի մեծ մասը», - հավելել է Նաթանը: