ԵՄ-ում վերջին 1 տարում հացը թանկացել է 18%-ով
Եվրոպական միությունում սնունդը, այդ թվում՝ հացը, թանկացել են վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ԵՄ Eurostat վիճակագրական ծառայությունը:
«Հացը, բանջարեղենը, միսը` սնունդը թանկացել է։ Խոհարարական յուղերի և ճարպերի գները հատկապես կտրուկ են աճել, սակայն կարևոր հիմնական մթերքները, ինչպիսին է հացը, նույնպես զգալիորեն թանկացել են: Սա հատկապես պայմանավորված է Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա, որը զգալիորեն խախտել է համաշխարհային շուկաները, քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան եղել են հացահատիկի, ցորենի, եգիպտացորենի, ձեթի սերմերի (մասնավորապես՝ արևածաղկի) և պարարտանյութերի խոշոր արտահանողներ», – նշված է հաղորդագրությունում:
Eurostat-ի հաղորդագրությունում նշվում է, որ 2022 թվականի օգոստոսին ԵՄ-ում հացի գինը միջինը 18%-ով բարձր է եղել, քան 2021 թվականի օգոստոսին: Սա հսկայական աճ է 2021 թվականի օգոստոսի համեմատ, երբ հացի գինը միջինը 3%-ով էր բարձր 2020 թվականի օգոստոսի գնից:
Կազմակերպությունը նշում է, որ որոշ երկրներ շատ ավելի են տուժել, քան մյուսները: Հացի գների աճի ամենաբարձր միջին տեմպերը գրանցվել են Հունգարիայում (66% 2022 թ. օգոստոսին), որին հաջորդում են Լիտվան (33%), Էստոնիան և Սլովակիան (երկուսն էլ 32%)։
Միևնույն ժամանակ ամենացածր միջին գնաճը գրանցվել է Ֆրանսիայում (8% 2022 թ. օգոստոսին), Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում (երկուսն էլ 10%)։