Դատապարտում եմ ցանկացած բռնություն, մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ. Ագնեսա Խամոյան
ՀասարակությունՄեր խմբակցությունից Գեղամ Մանուկյանը ելույթ էր ունենում, ձայներ լսելով, ես փորձեցի հասկանալ, թե ինչ էր կատարվում ներսում, որովհետեւ ՔՊ-ական պատգամավորներով հարձակվել կամ այդպիսի ռեպլիկներ արձակել Գեղամ Մանուկյանի հասցեին, ես իհարկե, չէի սպասում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը:
«Դուք տեսաք, որ իր ելույթին շատ բուռն եւ կտրուկ էին արձագանքում: Պարզվում է, իրականում պատճառը երեկվա իրադարձություններն են: ՔՊ-ական պատգամավորների զրույցներից պարզ դարձավ, որ երեկ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են նաեւ որոշակի գործողություններ: Նախ, ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ: Իսկապես պետք չէ ընտանիքներին խառնել քաղաքական պրոցեսների մեջ: Դա մեզ համար սկզբունք է եղել: Բայց մյուս կողմից, այո, նաեւ իշխանական պատգամավորները պետք է գիտակցեն՝ ինչ իրավիճակում ենք գտնվում եւ ինչ է կախված իրենց քայլերից, բայց բռնությունը ես դատապարտում եմ: Մեր քաղաքական ուժի մեջ չկա մեկը, ով կարող է ողջունել այյդ բռնությունը»,-ասաց նա:
Ագնեսա Խամոյանը նկատեց, որ երեկ իրենց պատգամավորներից որեւէ մեկը որեւէ մեկի տան հասցե չի հրապարակել եւ բռնության կոչ չի արել. «Ես որքան հասկացա ՔՊ-ականների այս բորբոքվածությունը կապված է եղել երեկվա իրադարձությունների հետ: Երեկվա բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել, որեւէ մեկը կազմակերպիչ չի եղել, որեւէ մեկի կոչով չեն հավաքվել մարդիկ: Լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, մարդիկ ինքնաբուխ հավաքվել են Հանրապետության հրապարակում, եւ ԱԺ մերձակայքում: Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան ու սկսեն իմպիչմենթի գործընթաց: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ գործընթացի մասին հենց մենք ենք հայտարարել: Պահանջել են, որ մենք գանք ԱԺ դահլիճ, ստորագրենք այդ ձեւաթղթերը, եւ հայտարարություն է հնչել ինքնաբուխ ակցիայի մասնակիցների կողմից, որ իրենք բերման են ենթարկելու ՔՊ-ական պատգամավորներին: Մենք եկել ենք, մեր ստորագրությունները դրել ենք, ընթերցվել է պատգամավորների ցուցակը հանրահավաքի ավարտին, երբ քիչ մարդ էր մնացել: Ասել ենք, որ սպասում ենք ՔՊ-ական այն 18 պատգամավորներին, որոնք եւս իրենց քայլը պետք է անեն եւ փոխեն Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադառնալով «Անկախության շարժման» նախաձեռնող Էդգար Ղազարյանի հայտարարություններին, Ագնեսա Խամոյանն ասաց, որ նա մանիպուլյատիվ հայտարարություններ է արել. «Մեզ ասվեց, որ ձեզնից պահանջն այն է, որ դուք ձեր ստորագրությունը դնեք ձեւաթղթերի տակ: Մենք դա արեցինք: Հետո նույն Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ոչինչ չեն անում եւ այլն: Վերջին շրջանում խիստ տարօրինակ է իր պահվածքը: Ես իսկապես չեմ հասկանում, թե նա ինչ է ցանկանում»:
Ագնեսա Խամոյանը նկատեց, որ հավաքն իրենք չեն կազմակերպել եւ ժողովրդին էլ իրենք չեն տուն ուղարկել. «Ես ինքս սադրիչների երեկ տեսել եմ: Ինչպես բոլոր ակցիաների ժամանակ լինում են սադրիչներ, բայց ուզում եմ փաստել, որ այս իրավիճակում մենք չենք կարող թույլ տալ, որ մի պայթյուն էլ Հայաստանի ներսում տեղի ունենա»:
Ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ-ում քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց:
Նա ասաց. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան: Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է», որից հետո դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքել նրան: Հատկապես ակտիվ էին ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Քրիստինե Պողոսյանը, հնչեցին վիրավորանքներ: Վահագն Ալեքսանյանը տեղից բղավում էր. «Դավաճանը մերդ ա, տղեդ ա»:
Գեղամ Մանուկյանի ելույթից հետո ՔՊ-ականները, մասնավորապես, Քրիստինե Պողոսյանը հաշիվ էին պահանջում Գեղամ Մանուկյանից, սակայն չէր լսվում, թե ինչ են ասում: ԱԺ-ում 30 րոպե ընդմիջում հայտարարվեց: