Լեհաստանում հայտարարել են Ռուսաստանի հետ առաջիկա 10 տարում պատերազմի «լուրջ ռիսկի» մասին
Լեհաստանում հայտարարել են Ռուսաստանի հետ առաջիկա 10 տարում պատերազմի «լուրջ ռիսկի» մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Մարչին Օչեպան։
«Ռուսաստանի հետ պատերազմի լուրջ վտանգ կա, որին մենք կբախվենք 3-ից 10 տարվա ընթացքում։ Մենք պետք է օգտագործենք այս ժամանակը լեհական բանակը հնարավորինս վերազինելու համար»,- Dziennik Gazeta Prawna-ին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Լեհաստանն իրականացնում է սպառազինության պատմության մեջ ամենահավակնոտ ծրագիրը։ «Մենք գնում ենք Abrams եւ K2 տանկեր, Krab եւ K9 հաուբիցներ, HIMARS հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական եւ կապի արբանյակներ, ռազմածովային նավատորմի հրթիռային ֆրեգատներ, անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Լեհաստանը նախատեսում է ավելացնել բանակի քանակը՝ հասցնելով 300 000-ի։