Գերմանիայում հայտարարել են, որ էկոնոմիկայի նախարարը պատկերացում չունի տնտեսության մասին
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ ասել է, որ որոշ արդյունաբերություններ պարզապես որոշ ժամանակով կդադարեցնեն արտադրությունը էներգիայի թանկացման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Հարցին, թե այս ձմռան վերջում ակնկալում է անվճարունակության ալիք ընկերությունների համար էլեկտրաէներգիայի վճարների բարձրացման պատճառով, Հաբեքն ասել է․ «Ոչ, չեմ կարծում: Կարծում եմ, որ որոշ արդյունաբերություններ պարզապես որոշ ժամանակով կդադարեցնեն արտադրությունը»։
Նրա պատասխանը քննադատության ալիք է առաջացրել։ Bild թերթը գրել է, որ Հաբեքը «գաղափար չունի տնտեսության մասին»։
Պահպանողական ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը նույնպես օգտվել է առիթից եւ քննադատել Հաբեքին՝ նշելով, որ Հաբեքն ու իր իշխող կոալիցիան լուրջ չեն վերաբերվում էներգետիկ եւ տնտեսական հարցերին:
Էներգիայի գների աճը եւ մատակարարման շղթաներում խոչընդոտները նպաստել են օգոստոսին Գերմանիայում անվճարունակության դեպքերի 26 տոկոս աճին, ասվում է IWH տնտեսագիտական ինստիտուտի զեկույցում։
Չորեքշաբթի բավարական vbw արդյունաբերական խումբը հայտարարել է, որ իր էներգակիրների գների ինդեքսը մեկ տարում կրկնապատկվել է։
Բեռլինը հայտարարել է 65 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին՝ օգնելու քաղաքացիներին եւ բիզնեսին հաղթահարել գների աճը, սակայն BDI-ի ղեկավար Զիգֆրիդ Ռուսվուրմն ասել է, որ փաթեթը բավարար չէ եւ հորդորել է կառավարությանը համաֆինանսավորել էլեկտրաէներգիայի վճարները: