Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից իրեն ցած է նետել
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացին իրեն ցած է նետել։
Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկան, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։
Այնուհետև շտապօգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները շտապ ուղեկցեցին վերակենդանացման բաժանմունք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող։