ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի («Սուրմալու» առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սուգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի:
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։