Մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել շենքի պահեստում․ Արմեն Փամբուխչյան
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո այս պահին ունենք երկու անհետ կորած, 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը չի պարզվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Փամբուխչյանը նշեց, որ 16 զոհերից միայն մեկի ինքնությունը դեռ չի պարզվել, և երբ այդ մեկի ինքնությունն էլ պարզվի, ապա փաստացի կունենք միայն մեկ անհետ կորած։
«Քաղաքացիների որոնման աշխատանքները կատարվում են հիմնականում ետնամասում՝ կիսակառույց այն շենքում, որը չի փլուզվել ․․․ Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ–տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում է որոնողափրկարարական աշխատանք»,– ասել է նա։
Փամբուխչյանն ասել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։
Հարցին,՝ արդյոք նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել հրավտանգ նյութեր, նախարարն ասել է, որ տարածքի 50-60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին այդպիսի նյութեր, ապա դրանք արդեն գտած կլինեին։ Փամբուխչյանը նաև տեղեկացրել է, որ սեփականատիրոջ հետ շփումների արդյունքում պարզվել է, որ շենքում, նախնական գնահատականներով, 4 տոննա հրավտանգ նյութեր են եղել նախքան պայթյունը։
Վերջինս նշել է, որ եթե չնույնականացված մեկ զոհի ինքնությունն էլ պարզվի, ապա փլատակների տակ կմնա մեկ քաղաքացի, որի մոտավոր վայրը նույնպես արդեն հայտնի է։