Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին 100 % հավելավճարներ կտրվեն. Դատախազությունն առարկել է՝ դրան արժանի գործ դեռ չեն արել
Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ինքը Խաչատրյանն ու կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան իրենց ստաժի հավելավճար՝ աշխատավարձի դրուքաչափի 100 տոկոսի չափով, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ Գլխավոր դատախազության, Սասուն Խաչատրյանի նշանակումից ի վեր այդ կառույցը չի քննել գեթ մեկ կոռուպցիոն գործ, որի քննության ընթացքում կատարած աշխատանքը բավարարում է հավելում տրամադրելու օրենքով սահմանված պայմաններին։
Այս որոշումն ընդունվել է Կառավարության նախորդ նիստի հերթական չզեկուցվող նախագծերից մեկով, որին, ի դեպ, ծավալուն և իրավական հիմնավորումներով լի առարկություններ են ներկայացրել՝ ինչպես Ֆինանսների նախարարությունը, այնպես էլ՝ Գլխավոր դատախազությունը։
Ֆինանսների նախարարությունը 100 տոկոս հավելավճար տալը համարել է չարդարացված ու հավելյալ բեռ՝ պետական բյուջեի վրա։
Մասնավորապես, նախարարությունից նշել են, որ օրենքով «հավելում» հասկացության բնորոշումից պարզ է դառնում, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելումը տրվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու դեպքերում, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված։
Աղբյուրը՝ 168.am