Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։
Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու։
65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։
Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
-Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ
-Արագածոտնի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ,
-Արարատի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
-Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
-Գեղարքունիքի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
-Լոռու մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն»,
-Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
-Շիրակի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
-Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
-Վայոց Ձորի մարզում՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
-Տավուշի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ։