Պուտին - Էրդողան հանդիպումն ավարտվել է. համատեղ հայտարարություն է ստորագրվել

Սոչիում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ, իսկ արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Ռուսական լրատվամիջոցները հրապարակում են հանդիպման արդյունքներից մանրամասներ:
Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալը, ավելացնել երկրների փոխգործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։
Թուրքիան համաձայնել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով: Բացի դա, կողմերը ընդգծել են Ստամբուլի հացահատիկի գործարքի լիարժեք իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը:
Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Թուրքիայում։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է: