Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը. ՌԴ ԱԳՆ
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով՝ ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ:
Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը։ Մենք ելնում ենք նրանից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և խստորեն համապատասխանելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- նշված է հայտարարության մեջ: