Նոյեմբերի 9-ի պայմա նավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների քաղաքականություն է իրականացնում․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ խոսեց հանրության կողմից ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ ունեցած մտահոգությունների, Ադրբեջանի սադրանքների, ստանձնած պարտավորությունների, Լաչինի միջանցքի, Հայաստանի տարածքով ադրբեջանական կողմի երթևեկի հնարավորության մասին։
«Կա 3 հստակ արձանագրված իրողություն, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը․ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, շփման գիծ գոյություն ունի, Հայաստանի և Լեռնային Ղարաբայղի միջև պետք է լինի երաշխավորված կապ՝ Լաչինի միջանցքով, որը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկության ներքո։
Այս 3 իրողությունները պետք է պաշտպանվեն։ Հիմա Ադրբեջանի նպատակն է, այսինքն էսկալացիան ինչ նպատակ ունի՝ այս 3 իրողությունները վերացնել, բայց 3 իրողությունները հնարավոր չէ վերացնել, որովհետև Ադրբեջանի նախագահի, այդ թվում, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությամբ է դա արձանագրված։ Սա ըստ էության միջազգային պարտավորություն է՝ ստանձնված ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից։ Այս իրողություններով մենք պետք է առաջնորդվենք»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը դիմեց նաև ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ ղեկավարներին՝ հրապարակային հայտարարելով՝ ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված հնարավորությունը՝ նաև Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Սիսիանի հատվածում․ «Թող ադրբեջանցիները ասեն որտեղով են ուզում հատեն, ՀՀ օրեսնդրության սահմանված կարգով՝ անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն և իհարկե երթևեկության անվտանգության ապահովում, որը մեր ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք և պատրաստ ենք և կապահովենք, որևէ կասկած մենք դրանում չունենք»։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման։