Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում. Արսեն Մկրտչյան
Հրդեհային դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 34 տոկոսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, այս տարի գրանցվել է 277 դեպք:
«Հրդեհների մեծ մասը բռնկվել է բուսածածկ տարածքներում: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում: Մինչև օրս զոհեր և տուժածներ չունենք»,-ասաց նա:
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն էլ հավելեց, որ կան անհրաժեշտ սարքավորումներ, որով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մարել հրդեհները:
«Մենք իրականացնում ենք հերթպահություն Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում: Ունենք սարքավորումներ, ուժեր, որոնք պատրաստ են առաջին իսկ հրդեհի դեպքում արագ գործել: Մենք նաև կարող ենք ուղաթիռով մարել անտառային հրդեհները:»,-ասաց նա:
Արսեն Մկրտչյան էլ նշեց, որ ԱԻՆ-ը հետաքննչական գործառույթ չի իրականացնում, բայց հրդեհների 90 տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ: Նրանք հորդորեցին բնակչությանը պահպանել հրդեհային կանոնները: