Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից
Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ռուսական ածխի գնումը օգոստոսի 1-ից, իսկ ռուսական նավթի գնումը՝ դեկտեմբերի 31-ից։ Այս մասին Սիդնեյում կայացած համաժողովում ասել է ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսը, հայտնում է Reuters-ը։
Կուկիսի խոսքով, ապագայի հիմնական խնդիրրը կլինի այն հսկայական բացը լրացնելը, որը կառաջանա, երբ Եվրամիությունը հրաժարվի տարեկան 158 միլիարդ խորանարդ մետր գազից, որը Ռուսաստանն է մատակարարում:
«Մի քանի շաբաթից մենք կդադարենք օգտագործել ռուսական ածուխը»,- ասել է նա Սիդնեյի էներգետիկ ֆորումում:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Ռուսաստանը Գերմանիային մատակարարել է ածխի 40 տոկոսը եւ նավթի 40 տոկոսը։
Գերմանիան արագորեն զարգացնում է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծման տերմինալները, որոնք կօգնեն լրացնել գազի մատակարարման բացը, սակայն Կուկիսն ընդգծել է, որ թեեւ Միացյալ Նահանգները եւ Կատարը միասին կարող են Եվրոպա մոտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել ՀԲԳ-ի տեսքով, դեռ հսկայական բաց կա։
Նրա խոսքով՝ մինչ Գերմանիան կենտրոնացել է զրոյական արտանետումներին անցման վրա եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում նախագծերի արագացման մասին վերջերս օրենսդրություն է ընդունել, գազն էական նշանակություն կունենա անցման համար: