«Քաղպայմանագրի» պատգամավորը կառավարությանը կոչ է արել փոխել աշխատանքի մեթոդները
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հուլիսի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարությանը կոչ է արել փոխել աշխատանքի մեթոդները։
Մասնավորապես, պատգամավորին զայրացրել է այն հանգամանքը, որ խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում ներկայացված հարցերի ճնշող մեծամասնությունը նախատեսվում է քննարկել արագացված ռեժիմով։ «Ես կարծում եմ, որ այդ պրակտիկային պետք է վերջ դնել։ Անընդունելի է Ազգային ժողովը նման վիճակի մեջ դնելը։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես երկու ընթերցումներում ընդամենը 3 օրվա մեջ կարելի է ուսումանսիրել հարցերի նման քանակություն, ներկայացնել առաջարկություններ եւ լրացումներ»,- ասել է Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ այդ մեթոդները չեն նպաստում խորհրդարանի նորմալ աշխատանքի ապահովմանը եւ հարվածում են օրենսդիր մարմնի հեղինակությանը։ «Ես խնդրում եմ, որպեսզի կառավարությունն այսուհետ խուսափի նման պրակտիկայից»,- ասել է խորհրդարանականը։