Իսրայելը հայտարարել է Ստամբուլում տնտեսական գրասենյակի աշխատանքը վերսկսելու մասին
Իսրայելը հայտարարել է օգոստոսի 1-ից Ստամբուլում իր տնտեսական գրասենյակի աշխատանքը վերսկսելու մասին՝ դիվանագիտական տարաձայնությունների պատճառով երկրների միջեւ մի քանի տարվա ակտիվության բացակայությունից հետո, տեղեկացրել է Ynet-ը։
Այս քայլը «Թուրքիայի հետ Իսրայելի տնտեսական կապերի խորացման մասն է կազմում», ասել է Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օռնա Բարբիվային։ «Մենք մտադիր ենք շուտով կազմակերպել համատեղ տնտեսական գիտաժողով երկրների միջեւ՝ ավելի քան տասը տարի անց»,- ասել է Բարբիվային։
Անցած ամիս երկրները սկսել են խորացնել փոխադարձ դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով, տեղեկացրել է Arti Gerçek կայքը։
Չնայած բազմամյա լարվածությանը՝ երկրներն առեւտուր են անում, եւ Թուրքիան մնում է Իսրայելի ամենակարեւոր գործընկերնորից մեկը։ Reuters-ի տվյալներով՝ 2021թ. երկկողմ առեւտուրը երկրների միջեւ ավելացել է 30 տոկոսով եւ հասել 7,7 մլրդ դոլարի։
Ynet-ի տվյալներով՝ 2021թ. Թուրքիան կարեւորությամբ չորրորդ առեւտրային գործընկերն է իսրայելական տնտեսության համար եւ հինգերորդը՝ արտահանման գծով։
Իսրայելի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի տնտեսական գրասենյակի բացումը կօգնի ավելի քան 1 500 իսրայելական ընկերությունների, որոնք ներկայում իրենց արտադրանքն արտահանում են Թուրքիա։