Երևան-Կապան թռիչքների նախկին հավակնորդ «ՆովԷյր» ընկերությունը չզրկվեց վկայականից. Hetq
«ՆովԷյր» ավիաընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Երեւան-Կապան երթուղով թռիչքներ իրականացնելու մտադրությամբ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կողմից չի զրկվել կոմերցիոն թռիչքների իրավունք տվող օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), չնայած մոտ էր դրան: Այս մասին տեղեկացել ենք կոմիտեից։
ՔԱԿ-ը, որն ընկերությանը ՕՇՎ էր տվել 2020-ի հոկտեմբերին, 2021-ի դեկտեմբերին կասեցրել էր դրա գործողությունը 6 ամիս ժամկետով՝ մինչեւ այս տարվա հունիսի 29-ը: Պատճառն այն էր, որ «ՆովԷյրը» չունի շահագործման/թռիչքների պիտանի օդանավ:
Երեւան-Կապան թռիչքները չկայացան, իսկ ավիափոխադրողի վկայականը կասեցվեց
«Ավիացիայի մասին» օրենքով՝ ՕՇՎ-ով նախատեսված գործունեությունը հատուկ պայմանների եւ սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու դեպքում վկայականի գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչեւ խախտումների վերացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում դրանք չեն վերացվել, կոմիտեն ՕՇՎ-ի գործողությունը կարող է դադարեցնել:
ՕՇՎ տալու կարգն իր հերթին սահմանում է, որ վկայական ստանալու համար հայտատուն, ի թիվս այլ պայմանների բավարարման, պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ եթե ավիաընկերությունը չունի ո՛չ շահագործման պիտանի օդանավ, ո՛չ էլ գոնե դրա գնման կամ վարձակալության մասին հուշագիր, նրան ՕՇՎ չի տրվի, ունենալու դեպքում էլ դրա գործողությունը կկասեցվի, մինչեւ որ այդ պահանջը կրկին բավարարվի:
«ՆովԷյրը» ունի օդանավ: Խոսքը 2015 թ. չեխական արտադրության «L-410UVP-E20» ինքնաթիռի մասին է (հայկական գրանցումը՝ EK-4117, օդանավը կրում է գրող Համո Սահյանի անունը), որը նախատեսված է 19 ուղեւորի համար: Օդանավը գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 5,5 մլն եվրոյով (1,5 մլն-ը վճարվել է, մնացածն էլ պիտի մարվեր օդանավի շահագործումից հետո), որպես սեփականատեր է գրանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: