Աղքատներն ավելի վատ են սկսում ապրել, իսկ ովքեր լավ էին ապրում, ավելի լավ ապրել․ Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ սոցիալական արդարության խոստումներով, բայց անում է հակառակ։
«Կհիշեք, որ Նիկոլը ամեն 3 ամիսը մեկ ինչ-որ ֆելիետոն էր կարդում ու դա կոչում էր «Փաստեր նոր Հայաստանի մասին»։ Այդ փաստերի մի մասը միայն ծիծաղ էր առաջացնում, որովհետև նա ասում էր՝ վարչապետն ու իր ընտանիքը հագնում են միայն հայկական արտադրության շորեր։ Շատ մեծ «նվաճում է»։
Հիմա դա էլ խաբել չի կարողանում, բայց փոխարենը կառավարության նիստում ինչ-որ թվեր են հնչեցնում, որոնք լսում ես, զարմանում ես՝ մենք նույն երկրում չէ, նույն մոլորակու՞մ ենք ապրում, թե՞ ոչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա անտրամաբանական համարեց նաև աշխատավարձերի բարձրացման խնդիրը, որը որպես հաղթաթուղթ է գործածում իշխանությունը։
«Օրինակ, որ միջին աշխատավարձը դարձել է 250 000 դրամ։ Ասում են՝ նվազագույն աշխատավարձը չենք կարող բարձրացնել, այդքան փող չկա։ Եթե նվազագույնը չես բարձրացնում, բա միջին աշխատավարձը ո՞նց բարձրացավ։ Այսինքն՝ վերևի սանդղակը բարձրացավ, վերևի աշխատավարձը։ Իր թիմի աշխատավարձը բարձրացավ։
Այսինքն՝ մարդն եկել է իշխանության արդարության ու նաև սոցիալական արդարության խոստումներով, բայց եթե ներքևի աշխատավարձը չի բարձրանում, վերևինն է բարձրանում, ուրեմն մարդկանց միջև անդունդն է խորանում։ Աղքատներն ավելի վատ են սկսում ապրել, իսկ ովքեր լավ էին ապրում, ավելի լավ են սկսում ապրել»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։