Փարաքարում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ կա զոհ
Հունիսի 23-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ըստ նախնական տեղեկությունների, նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։