Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը. Արմեն Աշոտյան
Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նաեւ հավելել է. «Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։
Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։
Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։
Հայաստան՝ առանց Նիկոլ։
Հայաստան՝ Նիկոլից հետո»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։
Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»,- նշված է Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ։