Երևանում կմեկնարկի «SILICON MOUNTAINS – 2022» միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովը
Հունիսի 17-ին Երևանում կմեկնարկի «SILICON MOUNTAINS – 2022» միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովը՝ նվիրված թվային տրանսֆորմացիային։ Այս մասին հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի Գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Նա պարզաբանել է, որ միջոցառման նպատակը Հայաստանն աշխարհին որպես այնպիսի երկիր ներկայացնելն է, որտեղ կարող են նախագծվել եւ որտեղից կարող են արտահանվել բարդ տեխնոլոգիաներ։ Մուսայելյանը հիշեցրել է, որ աշխարհի բոլոր զարգացած երկրները գնացել եւ գնում են հենց այդ ճանապարհով։
Տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի Գործատուների միության ղեկավարը տեղեկացրել է, որ գագաթաժողովի շրջանակում հայաստանցի պաշտոնյաները, ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները, արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն թվային տրանսֆորմացիայի հնարավորությունները, թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում, կներկայացնեն իրենց գաղափարները։ «Գագաթաժողովի թեմաներն են լինելու թվային տրանսֆորմացիան, ֆինտեկը եւ կիբեռանվտանգությունը։ Պանելային քննարկումներին կմասնակցեն ավելի քան 15 բանախոսներ, ընդհանուր առմամբ գագաթաժողովում կներկայացվեն ավելի քան 50 ընկերություններ։ Այժմ մտածում ենք հնարավորություններն ընդլայնելու եւ ավելի շատ մարդկանց, հատկապես երիտասարդների մասնակցությունն ավելացնելու մասին։ Գագաթաժողովի շրջանակում կարող են կնքվել նոր պայմանագրեր»,- ավելացրել է նա։
Նշենք, որ գագաթաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն է: