Շոլցը Կոսովոյին եւ Սերբիայի կոչ է արել հստակ պարտավորություն ստանձնել ԵՄ կողմից աջակցվող երկխոսության հանդեպ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կոսովոյին եւ Սերբիային կոչ է արել`Կոսովոյի անկախության շուրջ անհամաձայնության երկարաժամկետ լուծմանը հասնելու նպատակով հստակ պարտավորություն ցուցաբերել, հայտնում է AP լրատվականը:
Եվրամիության աջակցությամբ հարցի կարգավորման բանակցությունները սկսվել են 11 տարի առաջ, սակայն առանձնապես արդյունք չեն տվել, եւ նախկին հակառակորդների միջեւ լարվածությունը պահպանվում է:
Շոլցը, Արեւմտյան Բալկաններ կատարած այցի շրջանակում Կոսովոյում ասել է, որ ուկրաինական պատերազմը էլ ավելի է կարեւորել կայունունթյունը տարածաշրջանում:
«Նման ժամանակներում մեզ համար կրկին պարզ է դառնում խաղաղության եւ անվտանգության արժեքը, եւ սա Կոսովոյի ու Սերբիայի համար քաղաքական համապարփակ լուծում գտնելու եւս մեկ ծանրակշիռ պատճառ է: Լուծում, որը նաեւ տարածաշրջանային կայունությանը կնպաստի»,- ասել է Շոլցը եւ մատնանշել, որ համաձայնագիրն ի վերջո պետք է հստակեցնի Կոսովոյի ճանաչման հարցը, քանի որ երկու միմյանց չճանաչող պետությունների ԵՄ անդամ դառնալը պատկերացնել անհնար է:
Նշենք, որ Արեւմտյան Բալկանների վեց պետություններ ձգտում են ԵՄ անդամ դառնալ, որոնցից Սերբիան եւ Չեռնոգորիան լիարժեք բանակցությունների փուլում են, մինչդեռ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի դեպքում բանակցությունների մեկնարկը հետաձգվել է: Կոսովոն եւ Բոսնիան այս պահին գտնվում են անդամակցության գոծընթացի սկզբնական փուլում:
Ավելի վաղ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտնել էր, որ երկիրը դիմելու է ԵՄ անդամի կարգավիճակ ստանալու համար եւ նշել, որ դա «միակ ապագան» է: Գերմանիայի կանցլերը, իր հերթին, բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու Կոսովոյի քայլը եւ կառավարությանն անվանել է «վստահելի գործընկեր»: