Վրաստանի խորհրդարանի նախագահը դիմել է Եվրախորհրդարանի գործընկերոջը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային և ընդգծել այն քայլերը, որոնք Վրաստանը ձեռնարկել է Եվրամիությանը մոտենալու համար։ Հաղորդում է Aliq Media-ն։
Ըստ Պապուաշվիլիի՝ Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերություններն ամրապնդվում են մի շարք լայնածավալ ու հաջողված բարեփոխումներով։
«Մեր հարաբերությունների բարելավվման օրինակներից են՝ Վրաստանի բարեփոխումներն ու ձեռքբերումները կոռուպցիայի դեմ պայքարում, բիզնես պրակտիկայի բարելավումը, մաքսային և հանրային ծառայությունների հիմնարար նորացումը և այլն»,- ասված է խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ:
Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի ձեռքբերումները և, որ ավելի կարևոր է, ապագա հաջողությունները Վրաստանին դարձնում են Եվրամիության ցանկալի խոստումնալից անդամ, հատկապես ԵՄ խաղաղության և անվտանգության քաղաքականության, էներգետիկ անկախության, ազատ շուկաների ընդլայնման և, վերջապես, մշակութային բազմազանության ոլորտներում:
Ըստ Պապուաշվիլիի՝ մարտահրավերները մնում են, սակայն երկրի զարգացման ուղղությունը հստակ ցույց է տալիս առաջընթացի ձգտումը, բարելավման հնարավորությունը և, առաջին հերթին, ԵՄ հարստացման և ամրապնդման ներուժը։