Շնչառական վարակները դեռ չեն նահանջում. ի՞նչ խորհուրդներ է տալիս մասնագետը. ArmDaily.am

«Մենք ունենք շնչառական վարակներ, որոնց բնորոշ սեզոնայնությունը ձմեռ-գարունն է, բայց այս տարվա մի քիչ ուշացած տաքացումը բերում է նրան, որ բարենպաստ են պայմանները շարունակական բռնկումներ ունենալու համար»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը։
Մասնագետի խոսքով՝ հիվանդությունների շարունակականության հիմնական պատճառը փակ տարածություններում մարդկանց կուտակումն է և սերտ շփումը։ Իսկ օդակաթիլային վարակի փոխանցման համար դրանք ամենաբարենպաստ պայմաններն են։
«Ինչքան չօդափոխվող տարածքում, երեխաների շրջանում հատկապես, սերտ շփում լինի, այնքան վարակի տարածումը հեշտանում է։ Մենք սովորաբար ապրիլին արդեն ունենում ենք անկում, բայց քանի որ այս տարի տաքացումները ուշանում են, բռնկումները մինչև հիմա շարունակվում են, հատկապես մանկական կոլեկտիվներում»,- ասաց Տեր-Ստեփանյանը։
Ըստ մասնագետի՝ երկու տարի, կովիդով պայմանավորված, ունեցել ենք շփումների սահմանափակում, իսկ այժմ սահմանափակումների վերացումը հանգեցրել է ինֆեկցիաների ակտիվացմանը։
Հիվանդությունների կրկնվելուց և բարդացումներից խուսափելու համար համաճարակաբանը խորհուրդ է տալիս տալիս պատվաստվել։
«Խոսքը, մասնավորապես, գնում է գրիպի մասին, որը մենք կարող ենք գոնե պատվաստումներով կանխել, բայց բավականին ուշացումով ենք անում կամ չենք անում այդ պատվաստումները։ Ինչ վերաբերում է մնացած ինֆեկցիաներին, անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն, հիվանդ լինելու պարագայում չհաճախել հաստատություն՝ հատկապես դպրոցական և նախադպրոցական, որպեսզի հնարավոր տարածումը կանխվի»,- ասաց Տեր-Ստեփանյանը։
Նա նաև խորհուրդ չի տալիս տնային պայմաններում ինքնաբուժությունը։
«Բացարձակ ցանկալի չէ հատկապես հակաբիոտիկների սեփական նախաձեռնությամբ կիրառումը։ Ամեն դեպքում բժշկի խորհրդատվությունը անհրաժեշտ է թե՛ բարդությունների կանխարգելման, թե՛ ճիշտ բուժման առումով։ Միգուցե էլի տնային պայմաններում, բայց այնպայման բժշկի խորհրդատվությամբ»,- ասաց Տեր-Ստեփանյանը։