Թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքանա. Վանեցյան
«Բոլորս միասին երթ արեցինք, գնացիք ու սրանց ասացինք, որ վարչապետի աթոռը զավթած անձն իրավունք չունի Հայաստանի անունից, հայ ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել կամ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու»,- Երևանի կենտրոնական փողոցներով երթից հետո Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, սրանց կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, մեզ համար լեգիտիմ չէ և դա չենք ընդունելու։
«Հետաքրքիր իրավիճակ է տեղի ունենում մեր պայքարում. այլևս ոչ թե հարթակն է մարդկանց բերում հրապարակ, այլ ժողովուրդը, մարդիկ դուրս են գալիս և ստիպում են մեզ բոլորիս պայքարել ու գնալ մինչև հաղթանակ։ Հաղթանակն անխուսափելի է, կարճ ժամանակում լինելու է, պետք է չհիասթափվենք, մեկ բռունցք լինենք ու գնանք առաջ»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա նշեց, որ իրենք չեն պայքարում բացառապես Արցախի հայկական մնալու համար, պայքարում են նաև մեր երկրի համար։
«Այդ հարցն ամենակարևորներից է, բայց այս մարդիկ որոշել են ողջ Հայաստանը տանել թրքացման։ Թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքանա, թույլ չենք տալու, որ Հայաստանը թուրքի առաջ կզած ապրի և սրանց վռնդելու ենք ու կառուցելու ենք մեր երազած հայրենիքը։ Մենք ունենք և՛ օրակարգ, և՛ ծրագիր, ուղղակի սրանք կառչած մնալով իրենց աթոռներից, բոլորին մոլորեցնում են»,- ասաց Արթուր Վանեցյանը։