Գերմանիան եւ Կատարը էներգետիկ գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել
Գերմանիան եւ Կատարը էներգետիկ գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ կենտրոնանալով ջրածնի եւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) առեւտրի վրա։
Գործընկերության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների իշխանությունների միջեւ կանոնավոր հանդիպումներ եւ աշխատանքային խմբի ստեղծում՝ ՀԲԳ-ի եւ ջրածնի ոլորտում առեւտրային հարաբերությունները զարգացնելու համար, ինչպես նաեւ խումբ՝ նվիրված էներգիայի վերականգնվող աղբյուրներին:
Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին ժամանել է Գերմանիա՝ համաձայնագիր ստորագրելու Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հետ, որը գերմանական RWE եւ Uniper կոմունալ ծառայությունների ներկայացուցիչների հետ մարտին այցելել էր Կատար՝ ՀԲԳ-ի երկարաժամկետ մատակարարումների շուրջ բանակցություններ վարելու համար:
Համաձայնագիրը չի նշանակում, որ ՀԲԳ-ի հարցով երկարաժամկետ գործարքներ կկնքվեն, Reuters-ին հայտնել են մատակարարման բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ:
Նրանց խոսքով՝ այդ բանակցությունները դժվարությունների կհանդիպեն, քանի որ Բեռլինը չի ցանկանում համաձայնել համաձայնագրերը առնվազն 20 տարով ստորագրելու Կատարի պայմաններին, որպեսզի ապահովվի Գերմանիային անհրաժեշտ ՀԲԳ-ի հսկայական քանակությունը՝ ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու համար:
Ռուսաստանը ներկայումս Գերմանիայի խոշորագույն գազամատակարարն է, եւ Հաբեկը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք ուղղված են Մոսկվայից Բեռլինի էներգետիկ կախվածությունը նվազեցնելուն: