Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահը տեղի է ունեցել գերդոզավորման հետևանքով. Ոստիկանություն
Քաղաքացու սրտի կանգը, որն այնուհետեւ մահվան է հանգեցրել Ֆրանսիայի հրապարակում, տեղի է ունեցել գերդոզավորման պատճառով: Այս մասին մայիսի 18-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նա պարզաբանեց, որ այդ մասին են վկայում փորձաքննության արդյունքները։
Հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց պատկան մարմիններին ուշադրություն դարձնել դրա վրա։ «Դա սպառնալիք է գործընթացներում ներգրավված երիտասարդների նկատմամբ»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում գտնվող վրաններից մեկից սրտի կանգով մի քաղաքացի էր հոսպիտալացվել, ով ավելի ուշ մահացել էր: