Ժամը 11:00-ից 12:00 կաթվածահար է եղել մետրոյի բնականոն երթևեկությունը. Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. խոսնակ
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր առավոտյան կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակվել են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիայի մասնակիցները քիչ առաջ մտել են Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ և թույլ չեն տվել շարժվել: Նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները և բերման ենթարկել նրանց: