Պենտագոնը հերքում է Ուկրաինային ՌԴ ԶՈՒ-ի գտնվելու վայրի մասին տվյալների փոխանցումը
ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկություններ չի փոխանցում մարտի դաշտում ռուս հրամանատարների գտնվելու վայրի մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք հետախուզական տվյալներ չենք տրամադրում ռազմի դաշտում ռազմական առաջնորդների գտնվելու վայրի մասին և չենք մասնակցում ուկրաինացի զինվորականների կողմից թիրախները որոշելու վերաբերյալ որոշումների կայացմանը», – ասել է ԱՄՆ-ի Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով New York Times-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ է տրամադրել, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հանգեցրել են ռուս սպաների զոհվելուն:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով ՝ ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է տրամադրում երկրի իրադրության մասին, որոնք օգնում են Ուկրաինային պաշտպանել իր երկիրը:
«Ուկրաինացիները, անկեղծ ասած, ավելի շատ տեղեկատվություն ունեն, քան մենք։ Դա իրենց երկիրն է, և նրանք կարող են ինքնուրույն տվյալներ հավաքել»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Ինչպես հայտնել է New York Times-ը, Վաշինգտոնը գաղտնի Ուկրաինային է փոխանցում «իրական ժամանակի ռեժիմում» մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը, որը ներառում է ռուսական զորքերի տեղաշարժերի մանրամասները հատուկ գործողության երկրորդ փուլի հայտարարումից հետո: Հրատարակության տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնատար անձինք այդ տվյալները միավորել են սեփական հետախուզական տեղեկատվությամբ՝ հրետանային գնդակոծություններ և այլ հարձակումներ իրականացնելու համար, որոնց հետևանքով սպանվել են ռուս սպաներ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ի զինվորականներին հայտնի է, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Մեծ Բրիտանիան Ուկրաինային փոխանցում են ոչ միայն զենքը, այլև հետախուզական տվյալները, ինչը չի նպաստում հատուկ գործողության արագ ավարտին, բայց չի խանգարի այն ավարտին հասցնել: