Մենք այսօր պահանջելու ենք մինչեւ վերջ, որ մեր պահանջը բավարարեն եւ մեզ ճանաչեն որպես տուժողի իրավահաջորդ. զոհվածի հայր
Մեզ ասել են, որ այսօր մինչեւ երեքը պետք է պատասխան տան։ Այս մասին լրագրողներին ասաց Դատախազության մոտ բողոքի ակցիա անցկացնող զոհված զինծառայողի հայրը:
«Մենք այսօր պահանջելու ենք մինչեւ վերջ, որ մեր պահանջը բավարարեն եւ մեզ ճանաչեն որպես տուժողի իրավահաջորդ։ Մենք կստիպենք, որ մեզ ճանաչեն, ուրիշ տարբերակ չունենք։ Մեր հերոս տղաների ձայնը պետք է բոլորը լսեն»,-ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ այսօր Քաղաքացու օրն է զոհված զինծառայողի ծնողը վրդովվեց եւ ասաց, որ քաղաքացիներին ոտնահարելով քաղաքացու օր չեն նշում. «Ի՞նչ քաղաքացու օր, քաղաքացիներին ոտնահարելով քաղաքացու օր են նշո՞ւմ»:
Զոհվածի հայրը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իրեն անձամբ պատասխան տա, թե ոնց է իր 12 օր ծառայության մեկնած տղան հայտնվել առաջնագծում, եւ եթե առանց զոհերի տարբերակ կար, ինչու են այդքան զոհեր տվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 26–ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։