Պետք է վերացնել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պատճառը. Գառնիկ Գևորգյան

Քաղաքական գործունեությունը բիզնեսից տարբերվում է նրանով, որ բիզնեսում, որպես կանոն, կուրորեն չեն հետեւում պահանջարկին, այլ փորձում են առաջարկ գեներացնել։ Այս մասին ապրիլի 26-ին «Հայկական օրակարգ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում» թեմայով բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գառնիկ Գևորգյանը։
Հասարակությունը, ինչպես նշեց փորձագետը, պոպուլիզմ է տենչում։ Եւ այստեղ հայեցակարգային խնդիր է ծագում։ «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Եթե մենք ուզում ենք Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով, ապա դա ամենահեշտ ճանապարհն է։ Սակայն այդ դեպքում առկա խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվի։ Այսօրվա խնդիրը քաղաքական գործընթացի մեխանիզմի մեջ է։ Ներկայիս քաղաքական գործընթացի հիմքում ընկած են վրդովմունքը, շոուներն ու վիրավորանքները: Սրանք որակներ են, որոնցում Նիկոլ Փաշինյանը հավասարը չունի։ Դրանում նա անկրկնելի է»,- ասաց Գեւորգյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ հանրությունը միանգամայն ունակ է փոխարինող գտնել կառավարության ներկայիս ղեկավարին: Սակայն խնդրի էությունը դա չի լուծի։ Ուստի նա առաջարկեց գնալ ավելի բարդ ու երկար ճանապարհով։ «Պետք է վերացնել այն պատճառը, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության: Այսինքն՝ քաղաքական մեխանիզմն էպատաժի ձեւաչափից պետք է անցնի մի ձեւաչափի, որը գաղափարի, գաղափարախոսության, ծրագրի առկայություն է ենթադրում»,- պարզաբանեց Գառնիկ Գեւորգյանը։