Նիկոլի քաղաքական մահը կգա Հայաստանի հարավից՝ Սյունիքից․ ֆերմեր
Գյուղերում խնդիրները շարունակվում են՝ հիասթափություն, արտագաղթ, սով։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։ Նա պարզաբանեց, որ չկան ցանքատարածություններ, ՀԷԿ-երը դեռ խանգարում են բերքի ոռոգմանը։ Նրա խոսքով՝ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն դերերը, իսկ թալանը շարունակվում է։
«Ազգն ապրում է մշակույթով եւ գյուղատնտեսությամբ, եւ ներկայիս իշխանությունները գրեթե անմիջապես լուծարեցին մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարությունները։ Իշխանությունները, փաստորեն, նպատակ են դրել կազմաքանդել պետական բոլոր ինստիտուտները, մարել հայրենասիրության ոգին ժողովրդի մեջ, բայց դա նրանց չի հաջողվի։ Ժամանակին Սերժ Սարգսյանի մասին ասում էին, որ նա իրավիճակին չի տիրապետում, բայց հիմա նույն դիրքում է հայտնվել Նիկոլը»,-հավելեց Եղոյանը։
Նա ողջունեց հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցների որոշումը։ Ֆերմերը վստահ է, որ ԵՄ-ն ու Թուրքիան փորձում են Անկարային մենակ թողնել թուլացած Երեւանի դեմ եւ ստիպել Հայաստանին հանձնել Արցախը, Ռուսաստանին դուրս բերել Արցախից, իսկ հետո՝ 102-րդ ռազմաբազան՝ Հայաստանից։ Եղոյանը հորդորեց զինել գյուղերը, համախմբվել եւ դուրս գալ փողոց։ «Նիկոլի քաղաքական մահը գալու է Հայաստանի հարավից՝ Սյունիքից։ Պետք է մահապատիժ սահմանել նրանց դեմ, որոնք կասկածի տակ են դնում մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,-եզրափակեց նա։