Փաշինյանը և Զելենսկին շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական նամակներ են հղել միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Փաշինյանի նամակում, մասնավորապես, ասվում է. «Վերջին երեսուն տարիների ընթացքում Երեւանի եւ Կիեւի համատեղ ջանքերով իրավապայմանագրային դաշտ է ստեղծվել, ստեղծվել են միջխորհրդարանական համագործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են ջանքերը մշակութային եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ»
Փաշինյանը հույս է հայտնել, որ 2022 թվականին հայ-ուկրաինական հարաբերությունները կբարելավվեն։ Համատեղ գործնական քայլերի շնորհիվ դրանք կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության։
Ի պատասխան՝ Զելենսկին համոզմունքն է հայտնել, որ Ուկրաինան եւ Հայաստանը բավարար ներուժ ունեն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու համար:
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միմյանց շնորհավորական նամակներ են հղել նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրի Կուլեբան։