Շուտով Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է՞
ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության նախկին անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ եվրոպացի իր գործընկերներից ստույգ տեղեկատվություն ունի, պատրաստ է, իր իսկ խոսքով, ցանկացածի հետ «գրազ» գալ, որ շուտով Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանն ապամոնտաժվելու է։ Նախկին պատգամավորը նշել է, որ փորձել է իր մտահոգությունները ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնել, սակայն կես ժամ հետո նախազգուշացում է ստացել և գրառումը փակվել է։
Երեկ՝ հունվարի 21-ին կայացել է Անի խոշորացված համայնքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը, և մտավախություն կար, որ այդ հարցը կքննարկվի ավագանու նիստում:
Ավագանու անդամ, անկուսակցական Կամսար Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սողոմոն Թեհլերյանի արձանի հարցը չի քննարկվել ավագանու նիստում. «Ընդհանրապես, դրա մասին խոսք չի եղել, այդ հարցը օրակարգի հարցերի մեջ չկար: Իսկ թե ինչ հարց է քննարկվել ավագանու նիստում, ես բարոյական իրավունք չունեմ ավագանու նիստի օրակարգը հրապարակել ժողովրդին»,-ասաց նա:
Անի համայնքի ավագանու դաշնակցական անդամ Արմենակ Նաջարյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցը ավագանիում չի քննարկվել. «Օրակարգում այդ հարցը չի եղել, քանի որ որևէ պետական կառույցից՝ մարզպետարան, կառավարություն, կամ որևէ այլ պետական օղակից չենք ունեցել ծանուցում, հայտարարություն, կամ զանգ, որ այդ հարցը դնենք քննարկման: Ես համայնքի ղեկավարին ասացի, որ ինձ նման հարցով դիմել են, ինքն էլ ասաց, որևէ տեղից որևէ նման ազդակ չի եղել, որ այդ հարցը դնենք քննարկման:
Ավագանու բոլոր անդամները, անկախ իրենց հայացքներից, միանշանակ դեմ են արձանի ապամոնտաժմանը: ժողովուրդը համացանցից, ֆեյսբուքից լսելով նման խոսակցության մասին, իրար մեջ քննարկելով ասում են, որ այդ արձանը ապամոնտաժման ենթակա չէ, չպետք է ապամոնտաժվի:
Այսինքն ինչ-որ մի Սաֆարով կարող է քնած հայ սպային կացնահարել ու այսօր նա ազգային հերոս է Ադրբեջանում, իսկ մենք մեր ազգի պատիվը պահողին, մեր հերոսին, մեր պարծանքին դնենք ապամոնտաժենք, ինչ է, թե մեկին դա դուր չի գալի՞ս»,-հայտարարեց Նաջարյանը՝ հավելելով, որ համայնքի բոլոր բնակիչները կիսում են իր կարծիքը: